
Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակը
Հունիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում պաշտոնապես բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակը:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ընդգծել է, որ Սյունիքի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված համագործակցության պայմանագրերը հանգեցրել են պատվո հյուպատոսության բացմանը՝ որպես համագործակցության նոր փուլ։
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, իր հերթին, նշել է, որ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն այսօր ունի ամենաամուր կապերը Ֆրանսիայի հետ։
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ մոտ ապագայում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերում։ Նա ընդգծել է, որ Գորիսում պատվո հյուպատոսության բացումը տրամաբանական քայլ է՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական դերը և Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման օրակարգը։
Նշենք, որ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս է նշանակվել Գորիսի ֆրանկոֆոնիայի կենտրոնի ղեկավար Կարմեն Ափունցը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և այլ պաշտոնյաներ։