
Կաշառք զվարճանքի կենտրոնում․ պաշտոնյաներն աչք են փակել խախտումների վրա
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։
Պարզվել է, որ նրանք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետների պաշտոնները, կաշառք են պահանջել և ստացել։
Քննությամբ բացահայտվել է նաև, որ պաշտոնյաները տեղյակ են եղել Երևանում գործող զվարճանքի կենտրոնի՝ գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության և 1 միլիոն դրամի չափով տեղական տուրքը չվճարելու մասին։ Չձեռնարկելով համապատասխան միջոցներ իրավախախտումն արձանագրելու համար՝ նրանք կենտրոնի ներկայացուցչից պահանջել են 600,000 դրամ կաշառք՝ մեկ տարվա ընթացքում կենտրոնի գործունեությանը չխոչընդոտելու համար։
2025 թվականի ապրիլի 19-ին գաղտնի քննչական գործողության արդյունքում պաշտոնյաներից մեկը կաշառքը ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է։ Նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի գումարը։
Երկու պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և նյութերը ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։