ՀայաստանՍոցիալական

Քաղաքապետարանը չի համաձայնվում դատարանի՝«կարմիր գծերի» վճարի չեղարկման որոշման հետ

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել Վարչական դատարանի երկրորդ  որոշումը, որով անվավեր է ճանաչվել «կարմիր գծերի» սակագնի բարձրացման վերաբերյալ ավագանու որոշումը։ 

Այս մասին ճեպազրույցում հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ ընդգծելով, որ բողոքարկման գործընթացը կուղեկցվի հանրային պարզաբանումներով։

Դատարանի որոշման համաձայն՝ ավտոկայանատեղիների վճարի շեշտակի բարձրացումը՝ առանց համարժեք հիմնավորումների, իրավաչափ չէ։ Մասնավորապես, վճարի բարձրացման պատճառաբանությունը՝ կենտրոնի բեռնաթափումը, դատարանի կողմից համարվել է անբավարար։ Բացի այդ, քաղաքապետարանը չի ներկայացրել ապացույցներ, որ բարձրացված վճարները ուղղվելու են ծառայությունների որակի բարելավմանը կամ նոր ներդրումներին ։ 

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից Երևանում ավտոկայանատեղիների վճարը զգալիորեն բարձրացվել էր՝ կենտրոնում տարեկան 12,000 դրամից դառնալով 160,000 դրամ։ Այս որոշումը բողոքարկվել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից, որի արդյունքում Վարչական դատարանը որոշել է անվավեր ճանաչել սակագնի բարձրացման որոշումը ։ 

Քաղաքապետարանը պնդում է, որ սակագնի բարձրացման նպատակն էր կենտրոնի բեռնաթափումը և հասարակական տրանսպորտի ոլորտում բարեփոխումների իրականացումը։ Խոսնակ Կոստանյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք կբարելավեն քաղաքում տրանսպորտային իրավիճակը։

Սեդա Մարտոյան