
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ՝ 12 տարի կասեցված գործի շրջանակում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
Նա մեղադրվում է կաշառք պահանջելու և դատավորի լիազորությունները չարաշահելու մեջ։
Խոսքը մի քրեական գործի մասին է, որը կապված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ։ Այդ գործը Գաբրիելյանն ստացել է 2011 թվականի մարտին։ Մի քանի ամիս անց՝ օգոստոսին, նա կասեցրել է գործի վարույթը՝ նշելով, թե մեղադրյալ Զոհրաբ Յեզգատյանը տառապում է խրոնիկ հիվանդությամբ։ Բայց ուշագրավ է, որ այդ գործը այդպես էլ մնացել է չքննարկված՝ ամբողջ 12 տարի։ Միայն 2023-ի հունվարին դատավորն այն վերսկսել է։
Այժմ իրավապահները ստուգում են՝ արդյոք այս երկար ձգձգումը եղել է դիտավորյալ։ Քննության ենթակա է նաև կաշառք պահանջելու մեղադրանքը։ Ըստ քննության՝ Արտուշ Գաբրիելյանը Գալուստ Խուրշուդյանի օգնությամբ խոշոր չափի կաշառք է պահանջել հենց այդ նույն գործով անցնող Զոհրաբ Յեզգատյանից՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահելով։
Նշենք, որ սա Արտուշ Գաբրիելյանի միակ աղմկահարույց դեպքը չէ։
Նրա նկատմամբ անցյալում հարուցվել են կարգապահական վարույթներ, ինչպես նաև եղել են կասկածներ՝ հայտարարագրերում գույքի թաքցման վերաբերյալ։