Նորաձևություն

Վրացական կողմը խոչընդոտում է հայկական գինու ու կոնյակի տարանցումը

Ալկոհոլային խմիչքներ արտադրող ավելի քան տասը հայկական ընկերություններ դիմել են պետական և միջազգային կառույցներին՝ պահանջելով գնահատել Վրաստանի մաքսային տարածքով տարանցիկ արտահանման շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Ըստ Հայաստանի արտադրողների և գործարարների միության՝ խնդիրը սպառնում է հայ արտահանողներին շուկաներ կորցնելու վտանգով։

Վերջին երկու ամիսներին Վրաստանի տարածքում կանգ են առել երրորդ երկրներ ուղևորվող մի շարք բեռնատարներ։ Ըստ արտադրողների` տարանցիկ ուղևորության կանոնների խախտմամբ, հայկական տրանսպորտային միջոցները կանգնեցվել են Գեզի տերմինալում, որտեղ մաքսային կնիքները հանվում են առանց հիմնավորման, նմուշառումն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ լաբորատոր փորձաքննության արդյունքները ուշանում են՝ առանց բացատրության։

Տասնյակ բեռնատարներ, այդ թվում մի քանիսը՝ ավելի քան մեկ ամիս, մնում են կանգնած տերմինալում: Այն խոչընդոտում է պայմանագրային պարտավորությունների կատարումը երրորդ երկրների գործընկերների նկատմամբ։ Ըստ ընկերությունների՝ սա վնասում է ինչպես իրենց գործունեությանը, այնպես էլ ոլորտի զարգացման հեռանկարներին։

Հայաստանի արտադրողների և գործարարների միության հայտարարության մեջ նշվում է, որ վրացական կողմը խախտում է միջազգային առևտրային նորմերը՝ առանց հստակ պատճառաբանության թույլ չտալով հայկական գինու ու կոնյակի տարանցումը։ Նրանք միջազգային կառույցներին կոչ են արել միջամտել՝ Վրաստանի կառավարությունից պահանջելով դադարեցնել այս արգելափակումը։

Համատեղ հայտարարությունը ստորագրել են մի շարք խոշոր արտադրողներ, այդ թվում՝ «Արարատ» գինու գործարանը, «Պռոշյան կոնյակի գործարանը», «Աբովյանի կոնյակի գործարանը», «Շահնազարյան գինու եւ կոնյակի տունը», «Ալկո Ալյանսը» եւ այլք։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով խնդրին, հայտարարել է, որ հարցը քննարկվելու է հունիսի 6-ին, երբ Հայաստան կժամանի Վրաստանի գյուղատնտեսության նախարարը։ Պապոյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում կփորձեն գտնել լուծում։ Նախարարը նշել է, որ տարբեր ժամանակներում տարբեր գործարարների հետ տարբեր խնդիրներ են առաջացել, սակայն նա հրաժարվել է մանրամասներ հրապարակել՝ նշելով, որ չի ցանկանում խոչընդոտել բանակցային գործընթացը։ Հարցին՝ արդյոք խնդիրը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, Պապոյանը չի պատասխանել։