
Պատմամշակութային հուշարձանների պահպանում Հայաստանում, լռություն՝ Արցախի մասով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել խստացնել վերահսկողությունը պատմամշակութային հուշարձանների օգտագործման նկատմամբ՝ կանխելու դրանց շահագործումը ոչ նպատակային եղանակով։ Սրա մասին նա խոսել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին նկատելի ակտիվություն կա մշակութային կյանքում, ինչին նպաստել են նաև նոր ֆինանսավորման մեխանիզմները։ Վարչապետը նշեց, որ մշակութային մի շարք հաստատություններում ներդրվել են փորձարարական մոդելներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել սեփական եկամուտներ՝ պետության տրամադրած աջակցությանը զուգահեռ։
Նա հավելեց, որ պետությունը շարունակում է հոգալ սոցիալապես կարևոր մշակութային ծրագրերի ֆինանսավորումը։ Մասնավորապես, մինչև 12 տարեկան երեխաների համար թանգարանների մուտքը դարձել է անվճար, դպրոցականների համար իրականացվում են աբոնեմենտային ծրագրեր՝ թանգարաններ, թատրոններ ու համերգներ այցելելու նպատակով, այդ թվում՝ ներառելով նաև տրանսպորտային ծախսերը։
Այս ամենին զուգահեռ պետք է նշել, որ վարչապետը անդրադարձ չի կատարում Արցախում մնացած պատմամշակութային հուշարձանների ավերմանը։ Բազմիցս անդրադարձել ենք, որ ադրբեջանական կողմը ավերում է հայկական մշակութային կոթողները։ Վերջերս ավերել էին Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանը, Գարեգին Նժդեհի հուշարձանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանին նվիրված հուշարձանը և այլն։