ՀայաստանՍոցիալական

Պետեկամուտների նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել տասնյակ միլիոնների գույք

Հայաստանի Գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել նոր պահանջ՝ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ։ Այս անգամ թիրախում է Պետեկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հայկազ Մկրտչյանը։

Հակակոռուպցիոն դատարանը համաձայնել է քննության առնել դատախազության ներկայացրած հայցը, որով պահանջվում է Մկրտչյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել խոշոր չափի գույք և դրամական միջոցներ, որոնք, ըստ դատախազության, ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով։

Հայցի համաձայն՝ դատախազությունը պահանջում է պետությանը փոխանցել Երևանում գտնվող 2 անշարժ գույք, 1 շարժական գույք, մեկ ընկերությունում մասնաբաժնի իրավունք,  մեկ գնման իրավունք, 38 միլիոն 118 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների մնացորդ և 5 միլիոն 255 հազար դրամ՝ որը չունի օրինական ծագում և չի հիմնավորվում հայտարարագրված եկամուտներով։

Այս վերջին գումարը, ինչպես նշվում է, փոխանցվել է կամ բարեխիղճ ձեռք բերողի, կամ անհայտ անձանց, ինչի պատճառով նույնականացումը դարձել է անհնար։ Այդուհանդերձ, դատախազությունն այն համարում է բռնագանձման ենթակա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիմքով։

Սեդա Մարտոյան