ՀայաստանՏնտեսություն

Աշխատատեղերի աճ՝ գործազրկության բարձր ցուցանիշի ֆոնին

2025 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում գրանցվել է աշխատավարձով ապահովված 783 հազար 547 աշխատատեղ։ Համեմատելով 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ՝ ցուցանիշը աճել է 242,119-ով կամ 44.7 տոկոսով։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

Վարչապետի խոսքով՝ 2024 թվականի նոյեմբերին էլ արձանագրվել էր նախորդ ռեկորդը՝ 782 հազար 832 աշխատատեղ։ Այն 32 տոկոսով գերազանցել էր 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշը։ Փաշինյանը շեշտել է, որ հեղափոխությունից ի վեր ստեղծվել է ավելի քան 240 հազար նոր աշխատատեղ։

Սակայն գործազրկության մակարդակը այդքան հուսադրող չէ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով՝ 2024 թվականին այն աճել է 1.5 տոկոսով՝ հասնելով 13.9 տոկոսի։

Միևնույն ժամանակ միջին աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 6.4 տոկոսով՝ կազմելով 287 հազար դրամ։ Պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 224 հազար դրամ, ոչ պետականում՝ 311 հազար։ Իրական աշխատավարձն աճել է 6.1 տոկոսով։

Ըստ ԵՏՀ վիճակագրության՝ 2024 թվականի հոկտեմբերին Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 39.8 հազար մարդ։ Այն համապատասխանում է աշխատուժի 2.9 տոկոսին։ Սակայն այս թիվը չի արտացոլում գործազրկության իրական պատկերը, որը Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ գնահատվել է 13.8 տոկոս։

Սա ԵԱՏՄ-ում գրանցված ամենաբարձր ցուցանիշներից է։ Համեմատության համար՝ Ռուսաստանում այն կազմել է 2.4 տոկոս, Բելառուսում՝ 2.9, Ղազախստանում՝ 4.6, Ղրղզստանում՝ 4.1 տոկոս։