ՀայաստանՏնտեսություն

Կառավարությունը կփոխհատուցի ԵԱՏՄ-ից դուրս արտահանման սերտիֆիկացման ծախսերը 

Արտահանողները կստանան փոխհատուցում՝ ԵԱՏՄ-ից դուրս արտահանվող արտադրանքի միջազգային սերտիֆիկացման ծախսերի դիմաց։

Ըստ ծրագրի՝ պետությունը կֆինանսավորի միջազգային սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների ծախսերի մինչև 50 տոկոսը։ Սահմանված են նաև փոխհատուցման առավելագույն չափերը՝ 100 հազար դրամ՝ սերտիֆիկացման, 50 հազար դրամ՝ լաբորատոր հետազոտության համար։ Յուրաքանչյուր ընկերություն տարեկան կարող է ստանալ մինչև 5 միլիոն դրամի աջակցություն։

Ծրագրի շրջանակները վերաբերում են միայն այն արտահանումներին, որոնք ուղղվում են ԵԱՏՄ տարածքից դուրս։ Միության անդամ երկրների համար բավարար է ազգային սերտիֆիկատը, ուստի նրանք չեն ընդգրկվում այս աջակցման մեխանիզմում։

Նախնական գնահատականով՝ ծրագրի տարեկան բյուջեն կարող է կազմել 100-200 միլիոն դրամ։ Այն կներառի արտահանումները դեպի ԵՄ, ԱՄՆ, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և այլ շուկաներ։