
«Գրանդ Քենդի»-ի մի շարք նմուշներ չեն անցել ստուգումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է սկսել պաղպաղակի արտադրությամբ զբաղվող 12 ընկերություններում։ Հունիսի 5-ին հրապարակվել են «Մարտին Սթար» և «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ների արտադրանքի լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
«Գրանդ Քենդի»-ի «Սենդվիչ» պլոմբիրները, «Պլոմբիր վանիլային», «Սեր», «Պլոմբիր շոկոլադե», ինչպես նաև «Ընտանեկան» և «Էսկիմո» տեսակի պաղպաղակները չեն համապատասխանել սահմանված նորմերին։ Նրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, որոշ նմուշներում՝ նաև այլ վտանգավոր մանրէներ։
Կաթնայուղի փոխարինիչի քանակը գերազանցել է թույլատրելի սահմանը՝ կազմելով 19-29%։
Տեսչական մարմինը արտադրանքի իրացումը կասեցրել է, խախտումները վերացնելու ժամկետ սահմանել և պատրաստվում է կիրառել հետկանչի կամ ոչնչացման միջոցներ։
Բացի դրանից՝ արտադրանքը համարվել է կեղծված, քանի որ մակնշման մեջ նշված տվյալները չեն համապատասխանել իրական բաղադրությանը։
«Մարտին Սթար»-ի «Օտ Մարտինա» ապրանքանիշի պաղպաղակները չեն ունեցել խախտումներ։