ՀայաստանՏնտեսություն

Սևանա լճից ջրառը այս տարի կնվազեցվի

Կառավարությունը որոշում է կայացրել 2025-ին Սևանա լճից իրականացնել օրենքով թույլատրված 170 միլիոն խորանարդ մետրից քիչ ջրառ։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ սա առաջին դեպքն է, երբ նման սահմանափակումը պաշտոնապես ամրագրվում է կառավարության որոշմամբ։

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանի փոխանցմամբ՝ ջրառի ծավալը այս տարի կկազմի շուրջ 131.8 մլն մ³, ինչը 38.2 մլն մ³-ով պակաս է օրենքով թույլատրված սահմանաչափից։

Նրա խոսքով՝ որոշումը հիմնված է Հրազդան գետում առկա ջրաքանակի և ջրամբարների լցվածության ցուցանիշների վրա։ Առատ տեղումները դրական ազդեցություն են ունեցել ջրային պաշարների վրա։ Դրա շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել Սևանից ջրառի անհրաժեշտությունը։

2024 թվականին նույնպես լճից արված ջրառը չի գերազանցել օրենքով սահմանված սահմանաչափը։ Նոր որոշմամբ նախատեսված է նաև ներառել «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ³ ջրառը։ Այն կիրականացվի նույն ընդհանուր ծավալի շրջանակում։

Նպատակն է մի կողմից ապահովել ոռոգման ջրի պահանջարկը, մյուս կողմից՝ պահպանել լճի էկոլոգիական վիճակը։