
Մեղրիի անցակետի շինաշխատանքների ընթացքը դանդաղ է․ իրականացվել է աշխատանքների միայն 11,5%-ը
Սյունիքի մարզում՝ Մեղրիում, կառուցվող նոր սահմանային անցակետի շինարարությունը կատարված է միայն 11,5 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Թեև շինարարական պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2023 թվականի մարտին, աշխատանքները մեկնարկել են միայն տարվա երկրորդ կեսին։ Նախարարի խոսքով՝ կապալառու կազմակերպությունը ուշացրել է բանկային երաշխիքի ներկայացումը, ինչի հետևանքով ծրագրի իրականացումը հետաձգվել է։
Շինարարության ընդհանուր ժամկետը սահմանվել է 980 օր՝ 2 տարի 8 ամիս։ Այդ պատճառով, ըստ նախարարի, այս տարի աշխատանքները պետք է ընթանան ավելի արագ տեմպերով։
Նոր անցակետի կառուցումն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկով։ Նախագծով նախատեսվում է կառուցել 4000 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի վարչական շենք, որի տանիքին կտեղադրվի 1500 քմ արևային էլեկտրակայան։
Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղություններով հինգական երթուղի, բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակներ, մաքսային ձևակերպման տարածքներ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կետեր։
Շինությունն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով՝ ուղեբեռի և մարդկանց զննման, փաստաթղթերի ստուգման, կապի և տվյալների մշակման համար։
Չնայած դանդաղ ընթացքին, Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ շինարարությունը շարունակվում է բնականոն կերպով։