ԱշխարհԳիտությունՀայաստան

Ինչպե՞ս է Արագածի հետազոտական կայանը ուսումնասիրում տիեզերական ճառագայթները 

Արևի վրա տեղի ունեցող ուժեղ պայթյունները կարող են խնդիրներ առաջացնել Երկրի վրա՝ խափանել կապի համակարգերը, ազդել արբանյակների աշխատանքի վրա, խաթարել օդային երթևեկությունը կամ անգամ էլեկտրամատակարարումը։ Այդ երևույթը գիտական լեզվով կոչվում է տիեզերական եղանակ։ Թեև Հայաստանում այս հարցը լայնորեն չի քննարկվում, երկրում կա մի գիտական կենտրոն, որն արդեն 80 տարի ուսումնասիրում է տիեզերքից եկող վտանգները։

Արագածի բարձրադիր հետազոտական կայանը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 3200 մետր բարձրության վրա՝ Արագած լեռան վրա։ Այն գործում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի կազմում և մասնագիտացած է բարձր էներգետիկ կոսմիկ ճառագայթների ուսումնասիրության մեջ։ Կայանը գրանցում է ինչպես տիեզերքից եկող մասնիկները, այնպես էլ արևային ակտիվության հետևանքով առաջացող ճառագայթները։ Այս տվյալները կարևոր են՝ հասկանալու, թե ինչպես են այդ մասնիկները շարժվում, փոխազդում Երկրի մթնոլորտի հետ և ինչ ազդեցություն կարող են ունենալ շրջակա միջավայրի ու տեխնիկական համակարգերի վրա։

Կայանում տեղադրված են տարբեր տեսակի սարքեր, որոնք գրանցում են կոսմիկ ճառագայթների անցնելը՝ մագնիսական դետեկտորներից մինչև մասնիկների էներգիան չափող սարքեր։ Գիտնականները մշտադիտարկում են այդ տվյալները՝ հասկանալու, թե երբ և ինչպես է արևը ակտիվանում, ինչպես է ազդում այս ճառագայթների հոսքը մեր մթնոլորտի և տեխնիկայի վրա։ 

Արագածի կայանում հավաքված տվյալները օգնում են գիտնականներին կանխատեսել տիեզերական եղանակը՝ տիեզերքից եկող ռադիոակտիվ ու վնասակար հոսքերը։ Դրանք շատ օգտակար են արբանյակային կապի ընկերությունների, օդային երթևեկության և այլ ոլորտների համար։

Կայանի գիտական նշանակությունը ճանաչվել է նաև միջազգային մակարդակում։ Այն մասնակցում է մի շարք համատեղ ծրագրերի, և այստեղ ստացված տվյալները հասանելի են աշխարհի տարբեր գիտական կենտրոններին։ Կայանը համագործակցում է Գերմանիայի, Ճապոնիայի, Հունաստանի և այլ երկրների հետ։

Սեդա Մարտոյան