
«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։
Նախաձեռնությունը ենթադրում է անվստահության գործընթացի մեկնարկ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի շրջանակում։ Թեկնածուի առաջադրումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի առաջարկության հիման վրա։
ՀՀԿ-ն ավելի վաղ տարածած հայտարարությամբ հորդորել էր «Պատիվ ունեմ» խմբակցությանը հանդես գալ ընդդիմադիր միասնական թեկնածուի առաջադրմամբ՝ առաջարկելով այդ նպատակով դիտարկել Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։
Հավելենք, որ նախկինում վարչապետի հնարավոր թեկնածուների շրջանակում շրջանառվում էր նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը։