
Հայկական կոնյակը շարունակում է առաջատար լինել ռուսական շուկայում
Ռուսաստանի խանութներում կոնյակի և բրենդիի ամենախոշոր բաժինը շարունակում են ապահովել Հայաստանի և Վրաստանի արտադրողները։ Sputnik Live-ի վերլուծության համաձայն՝ հայկական կոնյակը կազմում է շուկայի 21.6 տոկոսը, իսկ վրացական բրենդին՝ 11.2 տոկոս։
Տվյալները հիմնված են բաց աղբյուրների ուսումնասիրության վրա։ Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանում կոնյակի ու բրենդիի արտադրության համար օգտագործվող հումքի շուրջ 80 տոկոսը ներմուծվում է, հիմնականում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից։ Այս արտոնյալ առևտրային հարաբերությունները նպաստում են արտադրանքի մատչելիությանը վերջնական սպառողի համար։
Մյուս կողմից, հայկական կոնյակի արտահանման գործընթացը բախվում է լոգիստիկ խնդիրների։ Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ 14 օր կանգառից հետո Վրաստանից դեպի Ռուսաստան կարողացել է շարժվել կոնյակով բեռնված 52 հայկական բեռնատար։ Սակայն Վրաստանում դեռ մնացել է 72 մեքենա, իսկ 100-ը՝ Հայաստանում՝ պատրաստ ճանապարհ ընկնելու։
Հայ կոնյակարտադրողները պնդում են, որ վրացական կողմը անհարկի խոչընդոտներ է ստեղծում՝ հատկապես լաբորատոր փորձաքննությունների անվան տակ։ Նրանք մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել Վրաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով հարթել բեռնափոխադրման գործընթացը։