ՀայաստանՊատահար

Նոր Գեղիում հայտնաբերվել է կանեփի տնկացուներով հողատարածք

Նոր Գեղի գյուղում ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների հնարավոր աճեցման և պահման դեպք։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա գյուղաբնակն իր օգտագործման տակ եղած հողամասում՝ մի անասնագոմի հարևանությամբ, կանեփի բույսեր է աճեցնում։

Հունիսի 5-ին իրականացված զննության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են 160 հատ կանեփի թուփ։ Բացի այդ, տարածքում հայտնաբերվել են տարաներ՝ կանեփանման զանգվածով, որոնք նույնպես առգրավվել են։

Հայտնի է, որ տղամարդը այդ հողամասում զբաղվել է կանեփի մշակումով։

Այս պահին քրեական գործ է հարուցված, իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

Նախաքննությունը շարունակվում է։

Սեդա Մարտոյան