
Օրթոդոքս ծայրահեղական հրեաները փորձել են ներխուժել Սուրբ Հակոբի հայկական վանք
Կիրակի առավոտյան՝ հունիսի 8-ին, մի խումբ օրթոդոքս հրեաներ փորձել են առանց որևէ թույլտվության մուտք գործել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական վանք։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում՝ հայկական թաղամասում գտնվող վանքի մուտքի մոտ։ Տեղեկությունը հայտնում է հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։
Հայ համայնքի անդամները ժամանակին միջամտել են՝ կանխելով եկեղեցի մտնելու նրանց փորձը։ Նրանք հրեաների խմբին տեղեկացրել են, որ տարածքը մասնավոր է՝ պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն, և մուտքը խստիվ արգելված է։ Դրան ի պատասխան, խմբի անդամներից մեկը հայտարարել է. «Սա մեր երկիրն է, կարող ենք գնալ ուր ուզենք, — նշված է հաղորդագրության մեջ։
Լարված խոսակցությունից հետո հրեաների խումբը հեռացել է տարածքից։
Այս վերջին շրջանում Երուսաղեմի հայերի դեմ ուղղված հերթական միջադեպն է։ Ավելի վաղ Գեղամ Բալյանը հայտնել էր ևս մեկ դեպքի մասին՝ երբ երկու օրթոդոքս հրեաներ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել և թքել Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ։