
«Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն։ Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Facebook-ի իր էջում։
Նրա փոխանցմամբ՝ եզրակացության ստացումը նշանակում է, որ շինարարության նախապատրաստական հաջորդ փուլերն արդեն մեկնարկում են։ Առաջիկայում նախատեսվում է հաստատել ֆինանսավորման ամբողջական փաթեթը կառավարության կողմից, իրականացնել տարածքների օտարման և տարաբնակեցման գործընթացները, ինչպես նաև սկսել շինարարության մրցույթի նախապատրաստումը։
Քաղաքապետ Ավինյանն այս հարցերը քննարկել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում։
Նշենք, որ շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի վերջում կամ 2026-ի սկզբին։ Նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 250 միլիոն դոլար, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը՝ մինչև 5 տարի։