ՀայաստանՊատահար

Ոստիկանության պաշտոնյան պետությանը շուրջ 3.7 միլիոն դրամի վնաս է պատճառել

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել այն պատճառով, որ նա չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 3 միլիոն 700 հազար դրամի վնաս։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ նախաքննության՝ պաշտոնյան տեղյակ է եղել, որ իր ենթական՝ օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչը, մեկ տարուց ավելի չի ներկայացել աշխատանքի, սակայն ոչ միայն չի արձանագրել այդ փաստը, այլև չի տեղեկացրել վերադաս ղեկավարությանը։ Արդյունքում, այդ տեսուչի անվամբ մեկ տարվա ընթացքում վճարվել է շուրջ 3.7 միլիոն դրամ աշխատավարձ և հավելավճարներ, չնայած նրան, որ նա փաստացի չի կատարել որևէ ծառայողական պարտականություն։

Պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Քննիչի միջնորդությամբ նրա պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցվել է։ Պետությանը հասցված ամբողջ վնասը մեղադրյալի կողմից արդեն վերականգնվել է։

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Գործը ներկայում փոխանցվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունն հաստատելու և դատարան ուղարկելու առաջարկով։

Սեդա Մարտոյան