
Սեպտեմբերից երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել սկսած 6 ամսականից
Սեպտեմբերից Հայաստանում կգործարկվի մի նոր պետական ծրագիր, որը խոստանում է փոխել հազարավոր ծնողների առօրյան։ Առաջին անգամ պետական մակարդակով մսուրային խնամք կտրամադրվի ոչ թե մեկ տարեկանից, այլև՝ 6 ամսականից սկսած երեխաներին։ 2025 թվականին մսուրի ծառայությունները կփորձարկվեն Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Հրազդանի 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Ծրագրի մեկնարկի մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Ազգային ժողովում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, և նոր մոդելով նախատեսվում է ներդնել ծառայություններ նոր տարիքային խմբի համար։
Ունենք արդեն 1 տարեկանից սկսած և նաև 6 ամսականից սկսած երեխաների համար նախատեսված ծառայություններ։ Նախապատրաստական աշխատանքներն արված են, և ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից, ինչպես որ նախատեսված է, – ընդգծեց նախարարը։
Նախադպրոցական ոլորտում սա կարող է բեկումնային փոփոխություն դառնալ։ Այն հնարավորություն կտա աշխատող ծնողներին ավելի շուտ վերադառնալ աշխատանքի, իսկ երեխաներին՝ վաղ տարիքից սկսել սոցիալական հմտությունների զարգացումը հարմարեցված միջավայրում։
Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ 2017 թվականի համեմատ նախադպրոցական կրթության ոլորտում արձանագրվել է շուրջ 20 տոկոս աճ, իսկ այսօր 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության մակարդակը հասնում է 75 տոկոսի։ Նոր ծրագիրը կոչված է այդ ցուցանիշն ավելի բարձրացնելու համար՝ ընդգրկելով նաև 0-3 տարեկանները։