ՀայաստանՔաղաքականություն

Կրոնաքաղաքական բախում. Փաշինյանը առաջարկում է խումբ ստեղծել՝ կաթողիկոսին հեռացնելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 9-ին սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկել է ստեղծել համակարգող խումբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնելու գործընթացի համար։

Նրա խոսքով՝ խումբը պետք է կազմվի անձանցից, որոնք բավարարում են մի շարք հոգևոր և բարոյական չափանիշների։ Մասնավորապես, նրանք պետք է ամբողջ հոգով հավատան Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը, ունենան ամենօրյա աղոթքի փորձ և կիսեն այն համոզմունքը, որ Մայր Աթոռի նորոգումը ծառայում է Եկեղեցու, պետության ու ժողովրդի շահերին։

Փաշինյանը շեշտել է, որ խմբում կարող են ներգրավվել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, ինչպես աշխարհիկներ, այնպես էլ հոգևորականներ։ Վերջիններիս դեպքում վարչապետը պահանջել է, որ նրանք չխախտած լինեն կուսակրոնության ուխտը։ Խմբի առաջին 10 անդամներին վարչապետը կընտրի անձամբ՝ նշված չափանիշների հիման վրա։ Ըստ նրա՝ թեև չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն ստուգելի չեն, սակայն անձնական շփումներում և զրույցներում հնարավոր է դրանց համապատասխանությունն ընկալել՝ «հոգու աչքերով»։

Ցանկացողներին Փաշինյանը հորդորել է դիմել իր անձնական էլեկտրոնային հասցեին։ Հիշեցնենք, որ դեռ մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետը քննադատությամբ հանդես եկավ՝ պնդելով, որ եկեղեցիները «չուլանացված» վիճակում են։ Այդ հայտարարությունը արժանացավ մի շարք հոգևորականների քննադատությանը։

Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարեց, որ եթե հաստատվի Գարեգին Բ կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտի խախտումը, ապա նա իրավունք չունի կրել Ամենայն հայոց կաթողիկոսի կոչումը։ Հունիսի 9-ին վարչապետը կրկին պնդեց՝ Գարեգին Բ-ն ունի զավակ և խախտել է կուսակրոնության ուխտը՝ դրանով իսկ կորցնելով եպիսկոպոս, արքեպիսկոպոս և կաթողիկոս լինելու իրավունքը։