
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային շտեմարանում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրը պաշտոնապես ընդգրկվել է հեղինակավոր միջազգային Scopus գիտատեղեկատվական շտեմարանում։
Scopus-ում ընդգրկումը մեծապես բարձրացնում է հայոց ցեղասպանագիտության միջազգային ճանաչումն ու ազդեցությունը։
Ամսագիրը հիմնադրվել է 2014 թվականին, անգլերեն լեզվով է, ունի միջազգային կազմով խմբագրական խորհուրդ՝ մոտ 80% արտասահմանցի գիտնականներով։ Ամսագիրը հրապարակում է տարեկան 12-13 գիտական հոդված՝ կրկնակի գրախոսությամբ, որը ապահովում է նյութերի բարձր գիտական որակը։
2024 թվականի նոյեմբերին ամսագրի խմբագրությունը պաշտոնապես դիմել է ընդգրկման համար, իսկ վեց ամիս անց ստացել է դրական պատասխան։
Հատկանշական է, որ Scopus-ի կողմից ինդեքսավորման վերաբերյալ դրական եզրակացության մեջ կցված գրախոսություններում հատուկ ընդգծված էր ամսագրի հոդվածների գիտական բարձր արժեքը, ինչը մեզ համար հատկապես ուրախալի և կարևոր գնահատական է, – հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ գիտական ամսագրից՝ Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում ներկա պահին ընդգրկված է ևս 4 հայաստանյան պարբերական։ Դրանք վերաբերում են բնական գիտությունների և բժշկագիտության ոլորտներին։