ՀայաստանՍոցիալական

Կարկուտի հետևանքները դեռ գնահատման փուլում են․ աջակցության ծրագրերը կհստակեցվեն հունիսի վերջին

Հունիսի 11-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին վերջին կարկտահարության հետևանքներին ու փոխհատուցմանը վերաբերող հարցերը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ այս պահին արդեն հիմնականում ավարտվել են վնասների գնահատման աշխատանքները։ Ըստ նախնական տվյալների՝ կարկտահարված հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 8740 հեկտար։

Նրա խոսքով՝ աջակցության ծրագրերի վերաբերյալ վերջնական որոշումները կընդունվեն հունիսի վերջին, և դրանց ձևակերպման վրա ազդեցություն կունենան եղանակային հետագա պայմանները։

Խոջոյանը ներկայացրեց նաև գյուղատնտեսական ապահովագրության ոլորտի տվյալները։ 2023 թվականին ֆերմերներին փոխհատուցվել է մոտ 2.7 միլիարդ դրամ, մինչդեռ ապահովագրավճարների համախառն չափը կազմել է 1.8 միլիարդ դրամ։

Այնուամենայնիվ, կառավարության աջակցությամբ ապահովագրական համակարգի գործունեությունը շարունակվում է, և 2025 թվականին նախատեսվում է ավելացնել ապահովագրավճարի սուբսիդավորման չափը։

Քննարկման ընթացքում նշվեց, որ կարկուտը վերջին տարիներին դարձել է կրկնվող բնույթի բնական երևույթ։ Այդ համատեքստում Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է խթանել հակակարկտային ցանցերի ներդրումը։

Այս փուլում փոխհատուցման հստակ չափորոշիչների վերաբերյալ որոշում դեռ չկա, սակայն, ըստ Խոջոյանի, դրանց հիմքում ընկած կլինի նույն մոտեցումը, որն արդեն կիրառվել է ապահովագրական համակարգում։

Սեդա Մարտոյան