
Երևանում խցանումների նվազեցման համար նոր քայլեր են մշակվում
Երևանի քաղաքապետարանը մշակել է քայլեր՝ ուղղված մայրաքաղաքում խցանումների կրճատմանը և տրանսպորտային համակարգի բարելավմանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծումներ՝ սկսած հետիոտնային հոսքերի կարգավորումից մինչև ավտոմեքենաների նկատմամբ սահմանափակումների ներդրում։
Նախատեսվում է սահմանափակումներ կիրառել հատկապես Փոքր Կենտրոնում, որտեղ ավտոմեքենաների խտությունն ամենաբարձրն է։ Սա, ըստ քաղաքապետի, ոչ միայն կթեթևացնի փողոցների ծանրաբեռնվածությունը, այլև կխթանի հետիոտնային և հեծանվային տեղաշարժը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու հեծանիվների համար ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչը քաղաքային շարժը կդարձնի ավելի բազմազան ու հասանելի։
Մեծ տեղ է հատկացվելու նաև հանրային տրանսպորտի արդիականացմանը։ Մոտ ապագայում Երևանում կգործեն 250 նոր էլեկտրական ավտոբուսներ, որոնց համար կձևավորվեն առանձին երթուղային գծեր։ Սա կկրճատի հանրային տրանսպորտի սպասման ժամանակը։
Միևնույն ժամանակ կա վտանգ, որ այն կմեծացնի խցանումները՝ ավտոբուսների մեծ քանակի պատճառով։
Այնուամենայնիվ, ըստ քաղաքապետի՝ այս ամենի նպատակը մեկն է՝ նվազեցնել խցանումները, նվազեցնել օդի աղտոտվածությունը և դարձնել Երևանը ավելի հարմարավետ և շարժուն քաղաք։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը հայտարարել էր նաև 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մասին, սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ այդ գնումը չի իրականացվի։