
Հայաստանը կունենա տարածաշրջանի խոշորագույն AI կենտրոնը՝ 500 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով
Հայաստանում կմեկնարկի արհեստական բանականության խոշորագույն տարածաշրջանային կենտրոնի ստեղծման գործընթացը։ Այս նոր նախաձեռնությունը համատեղ իրականացնում են Firebird ընկերությունը, Հայաստանի կառավարությունը և աշխարհահռչակ NVIDIA ընկերությունը։ Նախագծի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում, տեղակայել հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ և ստեղծել ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։
Գործարանի մեկնարկը նախատեսվում է 2026 թվականին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նշեց, որ սա լինելու է արհեստական բանականության ստեղծման, կիրառման և զարգացման իրական գործարան, որտեղ կհամադրվեն նորարարությունը, կրթությունը, գիտությունը և ձեռներեցությունը։
Այս նախաձեռնությունը կբացի նոր մասնագիտական հնարավորություններ, կստեղծի բարձր վարձատրվող աշխատատեղեր և կխթանի երիտասարդների ներգրավվածությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում։