ՀայաստանՄշակույթ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիավորվի Հայաստանի պատմության թանգարանին

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանը շուտով կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ։ Հունիսի 12-ի կառավարության նիստում ընդունվել է համապատասխան որոշման նախագիծ՝ թանգարանը պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերակազմակերպելու և Հայաստանի պատմության թանգարանին միացնելու մասին։

Համաձայն որոշման՝ թանգարանը կշարունակի գործել իր տարածքում՝ ստանալով նոր կարգավիճակ՝ որպես Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան-մասնաճյուղ։ Սա միաժամանակ ենթադրում է կառավարման ձևաչափի փոփոխություն և վերանվանում։

Վերակազմակերպման նպատակը թանգարանի գործունությունն ակտիվացնելն է։ Նշվում է, որ վերջին տարիներին Օրբելի եղբայրների թանգարանում նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Մասնաճյուղային կարգավիճակը հնարավորություն կտա մայր թանգարանի մասնագետներին ներգրավվել ցուցադրությունների կազմակերպման և թանգարանի արդիականացման գործընթացում։ Ակնկալվում է նաև ներդրումների ներգրավում և մշակութային զբոսաշրջության խթանում։

Հարկ է նշել, որ մինչև 1993 թվականը թանգարանը արդեն իսկ եղել է Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, իսկ հետագայում վերակազմակերպվել է որպես առանձին կազմակերպություն։

Սեդա Մարտոյան