ՀայաստանՊատահար

Երևանում 14-ամյա դպրոցականը դանակահարել է համադասարանցուն․ կասկածյալը ոստիկանություն է ներկայացել ծնողների ուղեկցությամբ

Երևանում դպրոցականների մասնակցությամբ դանակահարության հերթական դեպքն է գրանցվել։ Հունիսի 11-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանի դպրոցներից մեկի ետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել երկու 14-ամյա դեռահասների միջև, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է մյուսին։

Տուժած տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած և ձախ նախաբազկի կտրած վերքերի ախտորոշմամբ։ Բժիշկներին հաջողվել է կայունացնել երեխայի վիճակը և փրկել նրա կյանքը։

Ոստիկանությունը օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է կասկածյալի ինքնությունը։ Ծնողների հետ տարված բացատրական աշխատանքներից հետո դեռահասը նրանց ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք դանակը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, վերջին ամիսներին հաճախակի են դարձել դպրոցականների մասնակցությամբ բռնության դեպքերը։ Ապրիլի 20-ին տեղի ունեցած դանակահարության հետևանքով դպրոցական էր մահացել։