ԿրթությունՀայաստան

Հոգեբաններն ու հատուկ մանկավարժները շուտով կարող են ավելավճար ստանալ. գործարկվում է կամավոր ատեստավորման նոր համակարգ

Հայաստանի կրթական համակարգում հոգեբաններն ու հատուկ մանկավարժները շուտով կկարողանան ոչ միայն ստուգել իրենց մասնագստանալ մինչև 138 հազար դրամի հավելավճար։ Կառավարությունը հաստատել է մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների կամավոր ատեստավորման նոր կարգը։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը:

2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժների համար։ Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի 4-րդ եռամսյակում, որի արդյունքում, ըստ կանխատեսումների, ատեստավորում կանցնի ավելի քան 60 մասնագետ:

Ատեստավորումն իրականացվելու է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով:

Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրամադրվի ըստ ցուցաբերած արդյունքի՝ հաշվարկը կատարելով դրույքային ծանրաբեռնվածության նկատմամբ.

90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ
80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ
70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ

Կամավոր ատեստավորման ընթացքում, ըստ մասնագետի ցուցաբերած արդյունքի, հավելավճարը սահմանվում է հինգ տարի ժամկետով: Աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հավելավճարը պահպանվում է։

Ատեստավորմանը կարող են մասնակցել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների (ՏՄԱԿ) և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները: