
Աջակցության նոր մոդել արցախցիների համար. ընտանիքի կազմը կվերահաշվարկվի, չարաշահումները կկանխվեն
Արցախից բռնի տեղահանվածները բնակարանային աջակցություն ստանալու ընթացքում այլևս չեն կարող հաշվել ընտանիքի այն անդամներին, որոնք արդեն իսկ օգտվում են պետական այլ ծրագրերից։ Կառավարությունը հունիսի 12-ի նիստում հաստատեց նոր կանոններ՝ նպատակ ունենալով կանխել աջակցության չարաշահման դեպքերը։ Այդ նպատակով կթարմացվի սոցիալական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով Արցախից բռնի տեղահանվածները բնակարանային աջակցության հայտեր են ներկայացնում։
Ըստ որոշման՝ աջակցություն ստանալու հայտերն այսուհետ ավտոմատ կվերահսկվեն՝ համադրվելով Արցախի օպերատիվ շտաբի տվյալների բազայի հետ, որը կազմվել է դեռևս 2023 թվականի սեպտեմբերին։ Սա նշանակում է, որ ծրագրում կներառվեն միայն այն քաղաքացիները, որոնք փաստացի բնակվել են Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում եղել են մինչև սեպտեմբերի 19-ը։
Հաշվարկի նոր մեթոդով, ընտանիքի կազմը որոշելիս հաշվի չեն առնվի ամուսիններն ու հարազատները, եթե նրանք արդեն ներառված են այլ բնակարանային ծրագրերում կամ գրանցված չեն որպես տեղահանվածներ նշված ժամանակահատվածում։
2023 թվականի սեպտեմբերին տեղահանվածներին տրամադրվում է աջակցություն՝ հիփոթեքային սուբսիդավորման տեսքով։ Նրանք կարող են ընտրել իրենց հարմար տարբերակներից մեկը՝ բնակարան կամ առանձնատուն գնել, տուն կառուցել, կամ մարել արդեն իսկ եղած հիփոթեքը։
Բնակարանային ապահովման ծրագիրը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունիսի 15-ից, նախատեսում է հիփոթեքի սուբսիդավորում՝ 2-ից 5 միլիոն դրամի չափով՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Գումարը կախված է թե՛ ընտանիքի կազմից, թե՛ բնակության վայրից։ Երևանում աջակցություն չի տրամադրվում։
Առաջին փուլում գերակա են համարվում երեք և ավելի երեխա ունեցողները, ինչպես նաև զոհված զինծառայողների և հաշմանդամություն ունեցողների ընտանիքները։ Երկրորդ փուլը կմեկնարկի ոչ ուշ քան 2026 թվականի հունվարի 1-ից՝ ընդգրկելով երկու և ավելի երեխա ունեցող ընտանիքներին։ Երրորդ փուլը նախատեսվում է 2027-ից՝ բոլոր մնացած խմբերի համար։
Ծրագիրը նախատեսում է նաև վաղաժամկետ աջակցության տրամադրում. օրինակ՝ երկու երեխա ունեցող ընտանիքները կարող են դիմել արդեն 2025 թվականի հուլիսի 1-ից, իսկ մեկ երեխա ունեցողները՝ 2026 թվականից։
Այս պահին, ըստ ներքին գործերի նախարարության, ավելի քան 115 հազար մարդ է բռնի տեղահանվել Արցախից, որոնցից շուրջ 4 400-ը արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել։