
Մեքենաներում կսահմանափակվի լրացուցիչ բարձրախոսների ու ուժեղացուցիչների տեղադրումը
Տրանսպորտային միջոցներում արգելվելու է գործարանային ստանդարտներին չհամապատասխանող բարձրախոսների, ուժեղացուցիչների և խլացուցիչների տեղադրումը։ Համապատասխան օրենսդրական նախագիծը ստացել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ նման սարքավորումները խախտում են հասարակական անդորրը, բարձրացնում վթարների ռիսկը և խանգարում արտակարգ ծառայությունների ազդանշանների լսելիությանը։ Մեքենաներից հնչող բարձր երաժշտությունն ու վերասարքավորված խլացուցիչների ձայները համարվում են նաև հոգեբանական սթրեսի աղբյուր։
Արգելքը չի վերաբերում երաժշտություն միացնելուն, այլ վերաբերում է ոչ ստանդարտ սարքավորումների առկայությանը։ Եթե մեքենան պահպանում է արտադրողի կողմից տեղադրված համակարգերը, ապա սահմանափակումներ չեն կիրառվի։ Հակառակ դեպքում՝ նախատեսվում է վերահսկողություն, այդ թվում՝ տեխզննման փուլում, երբ արգելված սարքավորումները կարող են հեռացվել։
Նախագծի համահեղինակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը շեշտել է, որ օրենքը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիների իրավունքները և կարգավորել հասարակական միջավայրը՝ խուսափելով անհարկի աղմուկից և անվտանգությանը սպառնացող իրավիճակներից։
Նախագիծը նախատեսում է նաև փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ սահմանելով պատասխանատվություն՝ արգելքը խախտելու դեպքում։