ՀայաստանՍոցիալական

Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չի արձանագրվել՝ Իրանում տեղի ունեցած ռմբակոծություններից հետո

Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված ռմբակոծություններից հետո Հայաստանի համապատասխան կառույցները վերահսկողություն են իրականացնում երկրի հարավում՝ ռադիոակտիվ ֆոնի հնարավոր փոփոխությունները բացառելու նպատակով։

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու։

Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի մի շարք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնին։ Զոհվել են առնվազն 6 միջուկային ֆիզիկոս և 6 բարձրաստիճան զինվորական։

Ի պատասխան այդ գործողությունների՝ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ՝ արձակելով հարյուրավոր բալիստիկ հրթիռներ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է, որ ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է Նաթանզի ձեռնարկության վերգետնյա հատվածը, սակայն ճառագայթային ակտիվության մակարդակը մնում է անփոփոխ։