ՀայաստանՊատահար

Քամին տանիքներ է պոկել, ծառեր՝ տապալել, կարկուտը` մեքենաներ վնասել

Երեկ՝ հունիսի 14-ի երեկոյան, Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ուժգին քամին ու կարկուտը մի քանի ժամում հսկայական վնաս են հասցրել՝ հիմնական հարվածը բաժին հասցնելով Արթիկ քաղաքին ու շրջակա գյուղերին։

Մեծ Մանթաշում, Գետափում, Արևշատում, Նոր Կյանքում, Անուշավանում, Հոռոմում, Պեմզաշենում և Արթիկում քամին պոկել է տների, բնակելի և գյուղատնտեսական շինությունների տանիքները, վնասել ջերմոցներ ու էլեկտրահաղորդման գծեր։ Որոշ հատվածներում պտտահողմ էր, որը բառացիորեն քանդել էր ինչ պատահի։

Ըստ ՆԳՆ Փրկարար ծառայության՝ հունիսի 14-ի երեկոյան մինչև հաջորդ օրվա առավոտ գրանցվել է 38 արտակարգ դեպք, որոնցից 33-ը՝ հենց Շիրակի մարզում։ Քամու արագությունը որոշ մարզերում հասել է մինչև 32 մ/վրկ-ի, ինչի արդյունքում տապալվել են ծառեր, վնասվել են ավտոմեքենաներ, տանիքներ ու շենքեր։

Նույն ժամանակահատվածում՝ ժամը 19։30-ից մինչև 21։40-ը, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում կարկուտ էր տեղացել, որը վնասել է առնվազն 4 ավտոմեքենա։

Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան։ Սակայն վնասների մասշտաբը դեռևս հստակ չէ։ Համայնքապետարաններն ու փրկարարները շարունակում են ուսումնասիրել վնասի ծավալները։

Շիրակում քամին անցել է, բայց հետևանքները՝ դեռ մնացել են։