ՀայաստանՊատահար

Քասախում բողոքի ակցիա է.բնակիչները պահանջում են վերադարձնել 59 երթուղին

Քասախ համայնքում վերջին օրերին լարվածություն է առաջացել՝ կապված հանրային տրանսպորտի նոր սխեմայի ներդրման հետ։ Այսօր՝ հունիսի 16-ի առավոտյան, բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերականգնել թիվ 59 երթուղին, որը նախկինում սպասարկում էր իրենց համայնքը։

Ակցիայի մասնակիցները փակել են Երևան տանող մայրուղին՝ ստեղծելով երթևեկության խաթարում։ Ոստիկանությունը միջամտել է՝ բերման ենթարկելով 11 քաղաքացու։ Այս մասին տեղեկացրել է Ներքին գործերի նախարարությամ մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել դեռևս ապրիլի 5-ից։

Մինչ այդ Քասախի և Պռոշյանի բնակիչները կարողանում էին Երևան հասնել թիվ 25 և 59 ավտոբուսներով՝ վճարելով ընդամենը 150 դրամ։ Սակայն Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ այս երթուղիները այլևս չեն սպասարկելու այդ համայնքները։ Նոր երթուղին, որը մասամբ փոխարինում է հին ծառայությանը, վերապահվել է «Մուլտիտրանսպորտ» ընկերությանը։

Նշվում է, որ ուղեվարձը կբարձրանա՝ կազմելով 200-250 դրամ՝ նախկին 150-ի փոխարեն։ Ավտոբուսները կծառայեն ընդամենը 7 կմ տարածքի վրա՝ հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտ, մինչդեռ նախկինում վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։ Բացի այդ, նոր երթուղու վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին, ինչը սահմանափակում է բնակիչների երեկոյան ժամերին տեղաշարժը։ Քասախցիները պահանջում են վերականգնել թիվ 59 երթուղին ամբողջությամբ՝ այն տեսքով, ինչպիսին նախկինում էր, և խոստանում են շարունակել բողոքի ակցիաները մինչև պահանջների կատարումը։

Սեդա Մարտոյան