ՀայաստանՊատահար

Հայաստանում երկու օրվա ընթացքում ավելի քան 130 շենքեր են տուժել քամու հարվածներից

Հունիսի 14-ից 15-ը Հայաստանի մի շարք մարզեր հայտնվել են ուժեղ քամու, հորդառատ անձրևի ու կարկուտի ազդեցության տակ։ Տարերային երևույթների հետևանքով տասնյակ շենքերի տանիքներ են վնասվել, ծառեր տապալվել, մեքենաներ վնասվել։ Տուժել են նաև մարդիկ։ Վնասվել են 130-ից ավելի շենք-շինությունների տանիքներ, տապալվել են ավելի քան 100 ծառեր, վնասվել են մոտ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Նույն ժամանակահատվածում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանպորտային միջոց։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տվյալներով՝ այդ օրերին գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ դրանցից 33-ը Շիրակի, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը՝ Լոռու մարզերում և 1 դեպք՝ Երևանում։ Ամենամեծ վնասները գրանցվել են Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում, որտեղ քամու ուժգնությունը հասել է մինչև վայրկյանում 39.2 մետրի։

Ապարանի համայնքապետարանի փոխանցմամբ՝ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների երկու տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Տապալվել է ավելի քան 100 ծառ, վնասվել՝ 70 էլեկտրասյուն, 30 ավտոմեքենա, 2 խաղահրապարակ։

Քամու հետևանքով տուժել է 5 քաղաքացի, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ և ստացել անհրաժեշտ օգնություն։