
Երևանի քաղաքապետարանը 45 նոր տրոլեյբուսի պայմանագիր է կնքել, սակայն նախկինում պայմանավորված 30 տրոլեյբուսները դեռ չեն գնվել
Երևանի քաղաքապետարանը 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման պայմանագիր է կնքել, սակայն ֆինանսական միջոցներ դեռ նախատեսված չեն։ Այս մասին հունիսի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը։
45 տրոլեյբուսի գնման գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի արդյունքում Երևան համայնքի համար ձեռք է բերվել 45 տրոլեյբուս, սակայն, հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցները նախատեսված չեն, խնդրում եմ հանձնարարականի ժամկետը որոշակի ժամանակահատվածով երկարաձգել, հայտարարել է նա։
Պայմանագիրը կնքվել է 2025 թվականի ապրիլի 7-ին։ 6 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև հոկտեմբեր, պետք է ձեռք բերվեն տրոլեյբուսներ
Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաների, շատերի կողմից ուղեվարձը չվճարելու արդյունքում թերհավաքագրումներ կան, ուստի նախատեսվող 45 նոր տրոլեյբուսից 30-ը քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել:
Այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս։ Բանից պարզվում է, որ այդ 45-ից 30-ը արդեն հնարավոր չի լինելու ձեռք բերել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը չկա և հետևապես այդ 30 տրոլեյբուսները դուրս են եկել ցանկից։ Նման տեմպերով եթե շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսն էլ չկարողանանք ձեռք բերել, իսկ քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից գումար կտրի և ներդնի հասարակական տրանսպորտի մեջ, — հայտարարել էր քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Թե ինչ միջոցներով է քաղաքապետարանը պատրաստվում ձեռք բերել նոր տրոլեյբուսները, հայտնի չէ։ Սակայն նախկինում կնքված պայմանագիրը, կարելի է ասել, «տանուլ է տրված»։