
Հայաստանը որպես տարհանման ճանապարհ․Չինաստանը իր քաղաքացիներին հանում է Իրանից և Իսրայելից
Իրանի և Իսրայելի միջև ծավալվող ռազմական հակամարտության ֆոնին Չինաստանը սկսել է տարհանել իր քաղաքացիներին այդ երկրներից։ Թեհրանում և Թել Ավիվում Չինաստանի դեսպանատները հատուկ ուղերձներով հորդորել են հնարավորինս շուտ լքել երկիրը։ Այդ ուղերձներում Հայաստանը նշվում է որպես Իրանից դուրս գալու հիմնական անվտանգ երթուղիներից մեկը։
Չինաստանի արտգործնախարարության խոսքով՝ դեռևս բաց են Իրանի ցամաքային սահմանները Հայաստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի հետ։ Հայաստանի ուղղությունը մատնանշվում է որպես հասանելի և առանց խոչընդոտների ելք, քանի որ օդային ճանապարհները շարունակում են մնալ փակ։
Իրանում գտնվող Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին պաշտոնապես զգուշացրել է, որ իրավիճակը կարող է ավելի լարվել, և քաղաքացիները պետք է նախընտրեն ցամաքային ելքերը՝ հատկապես Հայաստանի ուղղությունը, քանի դեռ դրանք հասանելի են։ Միևնույն ժամանակ, Իսրայելում Չինաստանի դեսպանատունը ևս հորդորել է քաղաքացիներին լքել երկիրը՝ հիմնականում Հորդանանով։
Այս իրադրությունում Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային տեղաշարժերի կենտրոնում՝ վերածվելով անվտանգ տարանցիկ գոտու ոչ միայն չինացիների, այլև այլ երկրների քաղաքացիների համար։