
Քաղաավիացիայի նախկին պետի գույքի վրա կալանք է դրվել
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել՝ պահանջելով Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել խոշոր ծավալի գույք և միջոցներ։
Խոսքը 8 անշարժ գույքի, 2 շարժական գույքի, 5 ընկերությունում բաժնետոմսերի, 1 միլիարդ 550 միլիոն դրամի և ևս 8 միլիոն դրամի մասին է, որոնք համարվում են ապօրինի։
Դատախազությունից հայտնել են, որ դատարանն արդեն գույքի վրա արգելք է դրել։
Մովսեսյանը պաշտոնավարել է այն տարիներին, երբ քաղաքացիական ավիացիայի ոլորտում միաժամանակ դիտվում էր թե՛ արագ աճ, թե՛ լուրջ չարաշահումների վերաբերյալ պարբերաբար հնչող մեղադրանքներ։
Այս պահին նրա դեմ քրեական գործ չկա, իսկ բռնագանձման գործընթացը ընթանում է քաղաքացիական կարգով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին և նրա հետ փոխկապակցված 9 անձի 2025 թվականի մայիսի 30-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին: