
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ի բոլոր մասնաճյուղերում
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: Այս մասին հայտնում են գերատեսչությունից։
Ստուգումների արդյունքում Երևանի Տերյան 69, Մաշտոցի 50 և Իսահակյան 22 հասցեներում գործող մասնաճյուղերում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ որոշ մասնաճյուղերում պատերն ու առաստաղները չեն համապատասխանել լվացվող և ախտահանվող մակերեսների պահանջներին, ինչը խոչընդոտում է մաքրության ապահովմանը։
Խախտումների հիման վրա տվյալ մասնաճյուղերի արտադրական գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։ Սահմանվել են ժամկետներ՝ թերությունները վերացնելու նպատակով։
Նշենք, որ «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին հունիսի 18-ին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Նրա կալանավորման հարցը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում։
Հիշեցնենք, որ «Պիցցա Տաշիր» ընկերությունում ստուգումները և կասեցումները սկսվել են հունիսի 11-ից։