
Վրացական կողմը խոստացել է հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարներին երկիր թողնել
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ արդեն 33 բեռնատար կոնյակ է անցել վրացական մաքսային վերահսկողությունը և ուղևորվում է դեպի Ռուսաստան։ Ընդհանուր առմամբ վրացական կողմը խոստացել է թույլ տալ անցնել 50 բեռնատարի։
Նախարարի խոսքով՝ Վրաստանը կասկածներ ունի, որ արտահանվող կոնյակի որոշ խմբաքանակներ իրականում կոնյակ չեն, և այդ պատճառով պահանջել է լրացուցիչ փորձաքննություն։ Հայաստանը այժմ աշխատում է վրացական կողմի առաջարկած մեխանիզմի հիման վրա։
Բացի այդ՝ Հայաստանը, իր հերթին, առաջարկել է վիճահարույց նմուշները ուղարկել եվրոպական լաբորատորիա՝ անկախ միջազգային փորձաքննության համար։
Բացի այդ, Հայաստանում ներկայում ստեղծվում է լաբորատոր փորձաքննության կենտրոն, որի համար արդեն ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ։ ՍԱՏՄ աշխատակիցներն այժմ անցնում են համապատասխան վերապատրաստում։
Պապոյանը նաև հիշեցրել է` Վրաստանը իրավասություն չունի փորձաքննության ենթարկել որևէ բեռ, քանի որ նա համարվում է տրանզիտ երկիր։
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Վրաստանը թույլ չի տալիս հայկական կոնյակ արտադրող ընկերություններին անցնել սահմանային անցակետերը։ Էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար արձագանքում է վրացական կողմի հայտարարություններին։ Այնուամենայնիվ՝ այսօր հայտնի դարձավ նաև, որ Վերին Լարսի անցակետում, այս անգամ ռուսական կողմի մոտ, հայ արտահանողները մեծ խնդիրների են բախվել։ Այժմ մուտքի թույլտվության է սպասում մոտ 200 բեռնատար։