ԱրցախՍոցիալական

Հունիսի 24-ից կսկսվեն ԼՂ-ից տեղահանված անձանց 40 000 դրամ աջակցության վճարումները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց այս ամսվա 40 հազարական դրամ աջակցության վճարումները կմեկնարկեն հունիսի 24-ից։ Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Աջակցությունը նախատեսված է կեցության և այլ կենսական ծախսերը հոգալու համար։

Կառավարությունը նախատեսում է հունիսի 20-ի նիստում 2025 թվականի բյուջեից 3 միլիարդ դրամ վերաբաշխել առաջին կիսամյակ, որպեսզի հնարավոր լինի ավարտին հասցնել վճարումների գործընթացը։

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին ընդունված կառավարության որոշմամբ ծրագրում անցումային կարգով ներառվել էին նաև այն 18-62 տարեկան տեղահանվածները, ովքեր նախկինում խոցելի խմբում չէին համարվել։ Նրանք ապրիլին ստացել են 40 հազարական դրամ, և այս փուլում կստանան նաև մայիս ամսվա համար նախատեսված աջակցությունը։

Ըստ նախարարության՝ ապրիլ և մայիս ամիսներին ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել շուրջ 98 000 տեղահանված քաղաքացի։ Հուլիսից սկսած՝ աջակցության չափը կնվազի՝ կազմելով 30 000 դրամ։