ՀայաստանՏնտեսություն

Սիգի ձկնկիթի արտահանման արգելքը Հայաստանում երկարաձգվել է ևս վեց ամսով

ՀՀ կառավարությունը վեց ամսով երկարաձգել է սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը։ Որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 2-ից և կգործի մինչև տարվա վերջ։

Որոշման նպատակը Սևանա լճի էկոհամակարգի պահպանությունն է, ինչպես նաև սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրության ապահովումը։

Չնայած վերջին տարիներին լճում սիգի կենսազանգվածի աճ է գրանցվել, մասնագետները նշում են, որ դեռ չի հասել այն մակարդակին, որը կկարողանա ապահովել բնականոն արդյունագործական որս։ Ըստ գիտական ուսումնասիրությունների՝ անհրաժեշտ է շուրջ 10 հազար տոննա կենսազանգված, որպեսզի հնարավոր լինի ապահովել տարեկան շուրջ 2000 տոննա արդյունագործական որս։

Արգելքը տարածվում է Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման վրա։

Հիշեցնենք, որ սիգի ձկնկիթի արտահանման արգելքը Հայաստանում արդեն գործում էր 2025 թվականի հունվարի 2-ից, և այս որոշմամբ դրա ժամկետը երկարացվեց ևս վեց ամսով։

Ըստ 2023 թվականի պաշտոնական տվյալների՝ Հայաստանից սիգի ձկնկիթը հիմնականում արտահանվել է Ռուսաստան։ Արտահանման մյուս հիմնական ուղղություններն են եղել Միացյալ Նահանգները, Վրաստանը, Բելառուսը, ՄԱԷ-ն, Կյուրասաոն, Կազախստանը և Մոլդովան։