
Աշխատունակ գործազուրկներին կառաջարկվի օրավարձով հասարակական աշխատանք
Կառավարությունը հաստատել է նոր ծրագիր, որի միջոցով սոցիալապես անապահով ճանաչված, աշխատունակ գործազուրկներին հնարավորություն կտրվի ներգրավվել հասարակական աշխատանքներում՝ օրական 3500 դրամի դիմաց։
Ծրագիրը նախատեսում է աշխատանքներ, որոնք չեն պահանջում մասնագիտական հմտություններ։ Աշխատանքների շարքում են դպրոցների, մանկապարտեզների, բուժհաստատությունների, խաղահրապարակների, ճանապարհների վերանորոգումը, մենակ ապրող տարեցների խնամքը, գյուղատնտեսական և անտառտնտեսական աշխատանքները, ինչպես նաև զբոսաշրջային վայրերի մաքրությունն ու տեխնիկական աջակցությունը կրթական հաստատություններում։
Յուրաքանչյուր մասնակից ծրագրին կարող է մասնակցել նվազագույնը երեք, առավելագույնը՝ տասներկու ամիս։ Աշխատանքները կազմակերպվելու են պետական կամ համայնքային մարմինների միջոցով, և յուրաքանչյուր աշխատողի հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր։
Ծրագրին կարող են միանալ գործատուներ, որոնք տվյալ ոլորտում գործունեություն են ծավալում առնվազն երեք տարի և ունեն նվազագույնը 10 աշխատակից։ Պետությունը գործատուին յուրաքանչյուր աշխատողի համար կտրամադրի ամսական 73 հազար դրամ աջակցություն։
Ծրագիրը միտված է գործազրկության նվազեցմանն ու սոցիալապես խոցելի խմբերի ներգրավմանը հասարակական կյանքի մեջ։