ՀայաստանՏնտեսություն

ՌԴ սահմանն արդեն հատել է ծիրանով բեռնված 366 բեռնատար

Հունիսի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից Ռուսաստան արդեն մուտք է գործել ծիրանով բեռնված 366 բեռնատար։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։

Նախարարի փոխանցմամբ՝ որոշ մեքենաներ վերադարձվել են փաստաթղթային խնդիրների պատճառով։ Նա խոստացել է առաջիկայում այդ մասին հրապարակումներ անել։

Հունիսի 23-ին Գևորգ Պապոյանը և ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կգործուղվեն Վրաստան՝ քննարկելու երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող խնդիրները։ Այցը կայանում է Հայաստան-Վրաստան սահմանային խնդիրների ֆոնին, մասնավորապես՝ հայկական կոնյակի տարանցման ուղղությամբ։ Բեռնատարները երբեմն շաբաթներով են հերթում սպասում՝ թույլտվություն ստանալու համար հատել վրաց-ռուսական սահմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 18-ից Հայաստանից Ռուսաստան ուղևորված բեռնատարները կուտակվել են Վերին Լարսի անցակետում։ Վարորդների փոխանցմամբ՝ թե՛ հայկական, թե՛ վրացական կողմերում խնդիրներ չեն եղել, սակայն ռուսական հատվածում բեռնափոխադրումների ընթացքը արհեստականորեն ձգձգվում է։ Վերահսկողության բացակայության պայմաններում բեռնատարներում պահվող միրգը, հատկապես ծիրանը, սկսել է փչանալ։