ՀայաստանՍոցիալական

Հայաստանը և Իտալիան կհամագործակցեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

Հայաստանն ու Իտալիան պատրաստվում են համատեղ ուժերով բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը։ Երևանում ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանը։

Հուշագրի շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների աջակցություն։ Կարևոր ուղղություններից են հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիության բարելավումը, աշխատաշուկայում նրանց ներառման խթանումը և անկախ կյանքի ապահովմանն ուղղված քաղաքականությունները։

Համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու, և կողմերը մտադիր են իրականացնել համաժողովներ, մասնագիտական քննարկումներ ու հետազոտություններ՝ ոլորտում առկա խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար։

Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են, որ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքները պետք է լինեն համագործակցության հիմքում։ Նրանք փաստել են՝ սա կարևոր քայլ է ոչ միայն քաղաքական մակարդակում, այլև՝ մարդկանց կյանքը իրականում փոխելու ճանապարհին։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի համապատասխան ոլորտի նախարար Ալեսանդրա Լոկատելլին, ով Հայաստան է ժամանել աշխատանքային այցով։