
Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
Հայաստանի 6 հոգանոց թիմը փայլուն արդյունքներ է գրանցել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում։ Մրցույթը այս տարի առաջին անգամ առցանց անցկացրել է Ռուսաստանի Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը։
Օլիմպիադան կազմակերպվել է հունիսի 20-23-ը և մեկտեղել է 23 երկրի 107 աշակերտների։
Հայաստանի թիմը կազմված էր «Քվանտ» վարժարանի հինգ և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մեկ աշակերտներից, ովքեր մրցակցել են 15-19 տարեկան թիմերի կազմով։ Մրցույթն անցկացվել է անգլերեն լեզվով՝ ներառելով տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային փուլեր։
Հայ աշակերտները արժանացել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների՝ ցույց տալով իրենց պատրաստվածությունն ու գիտելիքները։