
ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրի ժամկետը կրկին երկարացվել է
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին հատկացվող պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նոր հավաստագրեր այս ծրագրի համար չեն տրամադրվի, իսկ վարկավորման ժամանակ հիմք կհանդիսանան արդեն տրված հավաստագրերը։
Ծրագրի շնորհիվ ԼՂ-ից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակարան կամ տուն՝ օգտվելով պետության սուբսիդավորված հիփոթեքային վարկերից։
Պետությունը իրականացնում է վարկի մայր գումարի և տոկոսագումարի մի մասի սուբսիդավորում ՝ կախված բնակության վայրից․
- Երևանում՝ մինչև 8 մլն դրամ մայր գումար և մինչև 8% տոկոսագումար։
- Մարզերում՝ մինչև 10 մլն դրամ մայր գումար և մինչև 10% տոկոսագումար։
- Առանձին գյուղական բնակավայրերում՝ մինչև 12 մլն դրամ մայր գումար և մինչև 12% տոկոսագումար։
- Սահմանամերձ բնակավայրերում՝մինչև 14 մլն դրամ մայր գումար և մինչև 13% տոկոսագումար, երբ բնակելի անշարժ գույք է ձեռք բերվում։
- Սահմանամերձ բնակավայրերում անհատական տուն կառուցելու կամ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից բազմաբնակարան շենքից բնակարան գնելու դեպքում՝ մինչև 16 մլն դրամ և մինչև 13% տոկոսագումար։