ՀայաստանՔաղաքականություն

Քննչական կոմիտեն ներկայացնում է մանրամասներ՝ «Սրբազան պայքարի» միջոցով Հայաստանում իշխանության զավթման փորձի մասին

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարներն ու մասնակիցները պլանավորել են ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական գործողություններ և Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով զավթել իշխանությունը։

ՔԿ տվյալներով՝ շարժումը նախաձեռնել և ղեկավարել է Վ․Գ․-ն, որը 2024 թվականի ամռանը սկսել է հավաքներ և երթեր կազմակերպել՝ իշխանության օրինական ճանապարհով ստանձնելու նպատակով։ Սակայն, չհասնելով արդյունքի, նոյեմբերից շարժման մեթոդաբանությունը փոխվել է, և որոշվել է շարժվել բռնի ճանապարհով։

Ըստ քննչական տվյալների՝ հանցավոր խումբը նպատակ է ունեցել ձևավորել 200-250 հարվածային խմբեր՝ յուրաքանչյուրում մինչև 25 անձ՝ հիմնականում նախկին զինվորականներ և ոստիկաններ։ Յուրաքանչյուր խումբ պետք է ինքնուրույն կատարեր իրենց հանձնարարված առաջադրանքը՝ առանց իմանալու մյուս խմբերի գործողությունների մասին։ ՀՀ Կառավարության դիմաց հավաքվելու կոչ հնչեցնելուց հետո հարվածային խմբերը պետք է տեղակայվեն նախապես որոշված իրենց տեղերում և ոչ մի դեպքում չպետք է միանան իրականում իշխանությունների ուշադրությունը շեղելու համար տեղի ունեցող թեկուզ փոքրաթիվ հանրահավաքին: Հանցավոր խմբի անդամները հստակ պլանավորել են, որ շարժման առջև դրված վերջնական նպատակը պետք է իրագործվի ոչ թե հանրահավաքի միջոցով՝ դրա մասնակիցների կողմից, այլ հարվածային խմբերի կողմից իրենց նախապես հանձնարարված հարվածային գործողությունները կարճ ժամանակամիջոցում՝ 24-36 ժամվա ընթացքում կատարելով և ՀՀ բնակավայրերում անկառավարելի վիճակ առաջացնելով:

Դրանց թվում էին Երևանի և այլ բնակավայրերի կարևոր փողոցներում դիտավորյալ բախումներ կազմակերպելը, պայթյունների միջոցով խուճապ առաջացնել,ը էլեկտրաէներգիայի, ինտերնետի և լուսացույցների համակարգերը շարքից հանում, տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար անել, հասարակական սպասարկման օբյեկտները այրել։ Այդ եղանակով նրանք փորձում էին անկարգություններ ստեղծել Հայաստանում։

Նշվում է, որ շարժման կազմակերպիչները նաև պատրաստվել են խոչընդոտել ոստիկանության ուժերի տեղաշարժը, ինչպես նաև կիբերհարձակումներով կաթվածահար անել պետական կառավարման համակարգը։

ՔԿ տվյալներով՝ 2025 թվականի հունվարից հանցավոր խմբի անդամները սկսել են հավաքագրել մասնակիցների, ձեռք բերել Երևան քաղաքի քարտեզները, տեխնիկական տվյալները և վտանգավոր միջոցներ՝ այդ թվում՝ պայթուցիկ նյութեր և մետաղական «աստղիկներ»՝ տրանսպորտի գործունեությունը խաթարելու նպատակով։

Հանցավոր խմբի ծրագրերը կասեցվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից՝ նախապատրաստական փուլում բացահայտվելու արդյունքում։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ։ Կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։ ՔԿ-ն հայտնել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ բոլոր մեղադրվող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու և համապատասխան հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով։