
Աշտարակ–Թալին հատվածում վերակառուցվում է 4 երթևեկելի գոտիներով ժամանակակից ավտոճանապարհ
«Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի շրջանակում՝ Արագածոտնի մարզի Աշտարակ–Թալին հատվածում, ընթացքի մեջ են 34 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Տարբեր տեղամասերում իրականացվում են հողային աշխատանքներ, արհեստական կառույցների տեղադրում, խճային հիմքի շինարարություն, ինչպես նաև ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում։ Աշխատանքներ են իրականացվում նաև դաշտամիջյան հատվածներում։
Շինարարությանը ներգրավված են մեծաթիվ տեխնիկական միջոցներ։
Վերակառուցման ավարտից հետո ճանապարհը կունենա 4 երթևեկելի գոտի, կլինի 1-ին տեխնիկական կարգի և կհամապատասխանի 100 կմ/ժ հաշվարկային արագությանը։
Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը ակտիվ կերպով է ընթանում։