ՀայաստանՊատահար

Հարկային խախտման գործով պետությանը պատճառված 400 միլիոն դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է։

Նախկինում մթերք ու պարեն ներկրող, մեծածախ ու մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության տնօրենը տարիներ շարունակ խոշոր չափերի հարկերից խուսափելու սխեմա է կիրառել։ 2013-2016 թվականներին նա, խախտելով Հայաստանի հարկային օրենսդրությունը, այլ կազմակերպության հաշվին է փոխանցել շուրջ 2 միլիարդ դրամ՝ առանց իրական գործարքների հաշվարկային փաստաթղթերի։ Դրա արդյունքում նրան հաջողվել է 400 միլիոն դրամով նվազեցնել ընկերության հարկվող շահույթը և այդքան էլ պակաս վճարել պետությանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ տարիներ անց այս փաստը բացահայտվել է Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակում։ Հաշվի առնելով հանցանքի փաստացի ապացույցները՝ այս տարվա հունիսի 23-ին դատախազը որոշել է հանրային քրեական հետապնդում հարուցել նրա նկատմամբ՝ «առանձնապես խոշոր չափերով հարկերից չարամտորեն խուսափելու» հոդվածով։

Սակայն նախաքննության ընթացքում նա ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված վնասը՝ վերադարձնելով շուրջ մեկ միլիոն դոլարին համարժեք 400 միլիոն դրամը։

Հաշվի առնելով փոխհատուցումը՝ նույն օրը դատախազը որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը՝ ոչ արդարացնող հիմքով։ Այսինքն՝ մեղադրանքը չի հանվել, սակայն հետապնդումն այլևս չի շարունակվի։

Սեդա Մարտոյան