
Վերին Լարսով ծիրանի և կոնյակի արտահանման խնդիրները լուծվել են
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ միայն հունիս ամսվա ընթացքում ծիրանով բեռնված 626 բեռնատար արդեն հատել է Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանը։ Եվս 363 բեռնատար այս պահին ճանապարհին է։ Միայն հունիսի 25-ին Ռուսաստան է մտել 96 մեքենա։
Պապոյանը նշել է, որ Վերին Լարսում հերթերը պայմանավորված են օբյեկտիվ պատտճառներով։
Նա նաև տեղեկացրել է, որ կոնյակի արտահանման գործընթացը ևս ակտիվ փուլում է։ Մասնավորապես, հունիսի 25-ին Լարսի անցակետով անցել է կոնյակով բեռնված 7 մեքենա։ Նախորդ օրերին վրացական Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ են ընկել կոնյակի ևս 49 բեռնատարներ։
Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ վրացական գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենա ևս դուրս կգա Գեզիից՝ շարունակելով հայկական արտադրանքի արտահանումը դեպի ռուսական շուկա։